Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը

Միքայել Մինասյանի խոսքով` ժողովրդի թշնամիները պետք է պատասխան տան իրենց արածների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է, որ հրապարակելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու փաստաթուղթը՝ արել է ոչ ճիշտ, ոչ էլ սխալ, այլ անհրաժեշտ և արդար բան:

«Գուցե հակադարձեք, որ պետության շահը չի ենթադրում գործակալական ցանցի լյուստրացիա։ Բայց պետություն այլևս չկա։ Չկա իշխանություն, ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Մինասյանը երեկ հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Նրա պնդմամբ՝ այդ մասին իմացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ու Միրզոյանին սպառնացել՝ կա՛մ դառնալու է «двойной агент» և աշխատելու է ԱԱԾ-ի համար, կա՛մ պատասխան է տալու պետական դավաճանության համար։ Նա սկզբում ընթերցեց, իսկ ավելի ուշ հրապարակեց, իր պնդմամբ, Արարատ Միրզոյանի ձեռքով 07.11.2007թ. գրված դիմումը։

Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն

«Չկա իշխանություն, ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն։ Ցավոք, չկա նաև ապստամբություն: Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում, որոնց հանդուրժում են ցավից կուրացածները, տգիտությունից խլացածները և պատասխանատվությունից վախեցողները»,–նշել է նա։

Մինասյանի խոսքով` ինքը նկատում է, որ աստիճանաբար ռեինկարնացիա է լինում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը։

«Ու որքան գնում է ժամանակը, այդ թշնամիների ցանկն ավելանում է։ Որքան երկար մնան Նիկոլենք իշխանության, այնքան երկար նրանց սերունդները կկրեն «ժողովրդի թշնամու» պիտակը։ Իսկ այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։ Ցանկը՝ շարունակելի… Մնացածը՝ շուտով»,–գրել է Մինասյանը։

Հիշեցնենք` երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում արձագանքել էր Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին։ Մինասյանի պնդումները նա «ցնդաբանություն» էր անվանել և նշել, որ այդ ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար։

ԱԱԾ-ն ևս հերքել է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծել, որ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի։