ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետ։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որշումներ» բաժնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- նշված է որոշման մեջ։
Հունվարի 14-ին վարչապետի որոշմամբ Դավիթ Սանասարյանն ազատվել էր ՊՎԾ պետի պաշտոնից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելու համար։ Հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։
Նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը:
«Հաստատում եմ». իմքայլական պատգամավորը կնշանակվի ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Հիշեցնենք՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել էին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: