ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում, առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
«Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Արման Թաթոյանը հորդորում է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելն ու հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ։
«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Մանուկյանի մարզային այցելության ժամանակ մի խումբ շիրակցիներ փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը`«Վազգեն, դավաճան» վանկարկելով։ Ավելի ուշ Գյումրիում Վազգեն Մանուկյանը ճանապարհը փակելու դրվագին անդրադառնալիս նրանց անվանել էր «բոմժեր»։