ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Պեկկա Հաավիստոն հեռախոսազրույց են ունեցել` կարևորելով ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել էր ԼՂ հակամարտության կարգավորումը:
Լինդեն շեշտել էր, որ իբրև գործող նախագահ` պատրաստ է անմիջականորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ։
2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան:
Արցախի կարգավիճակ ու դեօկուպացիա. Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին