Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար հանձնաժողովներ են անհրաժեշտ. ՄԻՊ

Արման Թաթոյանը կարծում է, որ նախապես պետք է հաշվարկներ անել, որպեսզի հասկանանք, թե քանի բնակարան, հողատարածք, արոտավայր է մնում ադրբեջանցիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողովներ, որոնք նախ գույքագրում կկատարեն, որից հետո միայն սահմանների բաժանում կկատարվի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ

«Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Նախապես պետք է հաշվարկներ անել, որ հասկանանք` քանիսի բնակարանը, հողատարածքը, արոտավայրն է մնում ադրբեջանցիներին։ Ի վերջո, գործարարություն անող մարդիկ ունենք, իրենց իրավունքների հարցն ի՞նչ են լինելու»,–ասաց Թաթոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը` ՄԻՊ-ը նշեց, որ Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, և սոցցանցերում դեռ տեսնում ենք «մորթենք, արյունը խմենք» մեկնաբանություններ։ Սա, ըստ նրա, պետական հիմքերի վրա դրված քաղաքականության արդյունք է։ Ավելին, ադրբեջանցիները կիրառում են իրենց երկրի ղեկավարի` ցեղասպանության սպառնալիք պարունակող խոսքերը։

Խոսելով գերիների վերադարձի մասին` ՄԻ պաշտպանն ասաց, որ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հարցը։

«Ադրբեջանի պետական մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռու պահեն իրավական ատյաններն այս հարցից` ՄԻԵԴ-ին, ՄԱԿ–ի տարբեր մարմիններին։ Մենք չպետք է թույլ տանք, որ գերիների վերադարձը կապեն եռակողմ հայտարարության որևէ կետի հետ, քանի որ այն հումանիտար գործառույթ է»,–ասաց նա։

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև չի կատարվում ո՛չ սահմանագծում, ո՛չ էլ սահմանազատում. կառավարություն

Թաթոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ խախտումների մասին բոլոր դեպքերը միջազգային կառույցներին է ուղարկում` փորձելով գերիների վերադարձին հասնել նաև նման ճնշումների միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաթոյանը հայտնել էր, թե որ համայնքում որքան տարածք ենք կորցրել. Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։

Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից ենք զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Հավելենք, որ եռակողմ հայտարարության մեջ ՀՀ սահմանների վերաբերյալ կետ չկա։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ