ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Cloudburst Entertainment ընկերությունը գնել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքը, որը «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել էր «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հայտնում է Deadline առցանց ամսագիրը։
Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» պատմական դրաման, որը նա ստեղծել է օսկարակիր պրոդյուսեր ու «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի (Vallelonga Productions-ից) ու Ասկո Հակոբյանի (Oscar Gold Productions-ից) հետ, էկրաններ դուրս կգա 2021 թվականին։
Սցենարի հեղինակը Օդրի Գևորգյանն է։ Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են։ «Սողոմոնի երգերն» պատմում են Օսմանյան կայսրությունում 1881 – 1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Ֆիլմը Սողոմոն վարդապետի՝ մեծ հայ երգահան Կոմիտասի կյանքի մասին է, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։
Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով։
Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանն ու Ժան-Պիեր Նշանյանը։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Կարո Կավուկջյանն է։