ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բաց նամակին: Նամակը հասցեագրված էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և առնչվում էր վերջերս Մոսկվա կատարած նրա այցին և հանդիպումներին, այդ թվում ՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։
«Ինձ հետ միասին 16 հոգի էլ կար». Սեյրան Օհանյանը պատմել է` իրականում ինչ էր անում Շուշիում
Նախկին նախարարը Դավթյանին հիշեցնում է Մարտի 1-ի «կարված» գործի մասին, որով անցնում է Օհանյանն ինքը, ինչպես նաև կշտամբում Դավթյանին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ ստորագրել է փաստաթղթեր, քննարկել նախկին և ներկա հայ քաղաքական գործիչների նկատմամբ Բաքվում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր:
Օհանյանը նշում է, որ քմծիծաղով է կարդացել միջազգային հետախուզումից իրեն ազատելու ուղղությամբ Դավթյանի «ջանքերի» մասին։
«Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ ՀՀ–ում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ»,–գրել է Օհանյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում ի պատասխան Օհանյանի գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:
Աբրահամյանը նշել է, որ տարակուսելի են Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե դատախազը ոչ մի խոսք չի ասել Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի վերաբերյալ։
«Ադրբեջանական ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես` նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է»,–գրել է Աբրահամյանը։
Անդրադառնալով Օհանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին վերջինիս հայտարարությանը, Աբրահամյանը նշել է, որ դրանք խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններ են և դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:
Ստացվել են հստակ տեղեկություններ, որոնք ցանկանում եմ տրամադրել Ձեզ. Դավթյանը` ՌԴ դատախազին
Աբրահամյանը հավելել է, որ ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ըստ նրա, ցավոք` դեռ կրում ենք: