Ռուսական 3 հեռուստաալիք Հայաստանում առանց լիցենզիայի հեռարձակման իրավունք են ստացել

Իսկզբանե Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել էր մրցույթ 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը։

Ռուսական հեռուստաընկերությունները կարող են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքս

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար: Սակայն դեկտեմբերին ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի և ռուսական երկու ալիք ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:

«Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերի քանակը պակասում է մեկով, մայրաքաղաքայինը՝ 9-ից իջնում է 7-ի», - ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2020 թ․-ի դեկտեմբերի վերջին ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին:

Մեր տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը ռուսական մեկ հեռուստաալիքի («РТР-Планета») հեռարձակման իրավունք կտրամադրի ամբողջ երկրի տարածքում, իսկ երկու այլ հեռուստաալիքի («Россия-Культура» և «Первый канал. Всемирная Сеть»)՝ Երևանի սահմաններում։

Երկրի ղեկավարի ուղերձն առաջին անգամ որոշ ՀԸ–ներ չհեռարձակեցին. օրենքն ի՞նչ է սահմանում

Ռուսաստանն իր հերթին համահավասարության հիմունքներով Հայաստանի դիմումի հիման վրա գրանցում է համապատասխան ԶԼՄ-ները և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստահեռարձակողին տրամադրում ունիվերսալ հեռարձակման արտոնագիր, որը նախատեսում է հեռուստաալիքի հեռարձակման իրավունք Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում:

Նշենք, որ օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրենք էր ստորագրել, որով 2021 թվականի հունվարի 1-ից սահմանափակում էր հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Հինգ արտասահմանյան ալիքներից չորսը ռուսական են։ Օրենսդրական փոփոխությունները որոշակի աղմուկ բարձրացրին։ Բայց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ այդ հարցի շուրջ միջպետական բանակցությունները կշարունակվեն։