ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Գյումրի` գյումրեցիների հետ հանդիպման։
Մանուկյանի մարզային այցելության ժամանակ մի խումբ շիրակցիներ փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը`«Վազգեն, դավաճան» վանկարկելով։ Սակայն Մանուկյանին հաջողվեց հասնել Գյումրի։
Մանուկյանն ասաց, որ եկել է Գյումրի` քննարկելու, թե երկիրն ինչ վիճակում է հայտնվել և ինչ քայլեր պետք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
«Ունենք 4500 զոհ, 10-15 000 վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրել ենք, Հայաստանի սահմանները սեղմվում են, Սյունիքում և Տավուշում բազմաթիվ խնդիրներ կան, հայերին բոլորն արհամարհում են։ Ինքնախաբեությամբ չզբաղվեք և հույս չունենաք, որ լավ ենք ապրելու։ Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ չենք ապրելու»,–ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում որևէ ճիշտ որոշում չի կայացրել։
Մանուկյանի խոսքով` դեռ կարելի է կանգնել ոտքի։ Մասնավորապես, նախագահ կամ վարչապետ ընտրելիս չպետք է նայել` գեղեցի՞կ է նա ժպտում, թե ոչ։ Նրա մեկնաբանմամբ` վարչապետը կամ նախագահը պետք է խելոք լինեն, լինեն ազնիվ, փորձ ունենան և նվիրված լինեն հայրենիքին։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու Վազգեն Մանուկյանին առաջադրել վարչապետի միասնական թեկնածու։
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական։
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։