ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik, Մարիաննա Փայտյան. Նոր տարի՝ նոր թանկացումներ․ հունվարի 1-ից Արարատի մարզի գծատերերն «անակնկալ» մատուցեցին բնակիչներին․ միջմարզային մի շարք ուղղությունների փոխադրավարձը թանկացել է 50-100 դրամով։ Օրինակ` Դվին-Երևան երթուղու փոխադրավարձը 250-ից դարձել է 300 դրամ, Երևան–Արարատինը՝ 400-ից 500 դրամ։ Ուղևորատոմսի գինը բարձրացել է, իսկ տրանսպորտի որակը չի փոխվել։
«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ, «Լիգա» ՍՊԸ, Վեդու «ԲՈւԱՏ» ՍՊԸ․ սրանք այն 3 ընկերություններն են, որոնք սպասարկում են Արարատի միջմարզային և ներմարզային մի շարք երթուղիներ և տարեսկզբից որոշել են՝ նախկին սակագինը ձեռք չի տալիս։ Անակնկալի եկած բնակիչները դիմել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ու պարզել՝ սակագնի բարձրացումն ապօրինի է։
Ի՞նչ է տեղի ունեցել․ տեսչական մարմնի դիրքորոշումը
Նշված ընկերությունները երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում շահել են այլ սակագնով, հիմա սպասարկում են 50-100 դրամ սակագնի բարձրացմամբ։ Դա հակասում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին։
Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Էլենա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է՝ ոչ բոլոր երթուղիներում սակագնի բարձրացումն է ապօրինի։ Մի քանի դեպքերում նախկինում երթուղու շահագործումն իրականացվել է մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով և տվյալ երթուղիների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինականության սահմաններում է։ Օրինակ` Նարեկ-Երևան երթուղու դեպքում «Լիգա ՍՊԸ»-ն մրցույթում շահել է 400 դրամ սակագնով, սպասարկումն իրականացրել է 300 դրամով, իսկ հիմա՝ դարձրել 350 դրամ։
Սակայն առնվազն 5 երթուղիների դեպքում ապօրինություն է թույլ տրվել։
«Տեսչական մարմինը դրանից հետո նախազգուշական ծանուցումներ է ուղարկել երթուղիները սպասարկող ընկերություններին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում խախտումը վերացվի։ Հունվարի 13-ին նաև տեսչական մարմնի կողմից հանդիպում է նախաձեռնվել ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Իրենք իրենց կողմից առաջ են քաշել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանություններ»,- նշում է տեսչական մարմնի խոսնակը։
Որպես սակագնի բարձրացման հիմնավորում ընկերությունները նշում են դրամի արժեզրկումը, վառելիքի, դիզվառելիքի, քսայուղերի, ավտոպահեստամասերի թանկացումները։ Ասում են՝ եթե սակագինը նախկինը մնա, ապա վնասով են աշխատելու։ Այս 3 ընկերություններն արդեն դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի վերանայվի մրցույթի պայմանները՝ որոշ երթուղիներով կատարվի գնի բարձրացում։ Սակայն նրանք չեն էլ սպասել ՏԿԵ նախարարության որոշմանը, և հունվարի 1-ից ապօրինի կերպով կատարել են փոխադրավարձի սակագնի բարձրացում։
Գազամատակարարումը դադարեցվել է. Հայաստանում տրանսպորտի հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն
Հունվարի 19-ին լրանում է այն ժամկետը, որը տեսչական մարմինը տվել է ընկերություններին խնդիրը շտկելու ու մրցույթով որոշված սակագնին վերադառնալու համար։ Տեսչական մարմինը խիստ է տրամադրված․ եթե ժամկետը լրանալուց հետո ապօրինությունը վերացված չլինի, ընդհուպ ընկերություններին լիցենզիայից զրկելու միջնորդություն կներկայացնեն ՏԿԵ նախարարություն։
Բնակիչների դիրքորոշումն ու բողոքը
Այն, որ շուրջբոլորը թանկացումներ են, բոլորն են նկատել։ Բնակիչները նշում են՝ ըմբռնումով կմոտենային, եթե լիներ գին- որակ համապատասխանություն։ Մարզի բնակիչ Արփինե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ օրինակ, «Գալակտիկա Տրանսի» սպասարկած երթուղիներում սակագնի բարձրացմանն ավելի մեղմ են մոտենում, որովհետև ավտոբուսները բարեկարգ են, նոր սպրինտերներ են բերվել, մինչդեռ «Լիգա» ՍՊԸ-ի ավտոպարկը թարմացնել է պետք։ Ձմռան այս ցրտին նորմալ չեն աշխատում մեքենաների վառարանները, երթևեկում են սառցապատ ապակիներով, նստարանները ջարդուփշուր եղած են, մեքենաները՝ կեղտոտ, վարորդներն էլ սովորաբար ճանապարհին ծխում են։ Ասում են՝ «գազելները հաճախ պարզապես ճանապարհին են մնում»։
«Սակագնի բարձրացումը բոլորիս գրպանին է դիպչում։ Գյուղերում աշխատանք չկա, հետևաբար շատերը մայրաքաղաք են գնում աշխատելու։ Բացի այդ՝ մարզից ուսանողներն են գնում Երևան սովորելու։ Սա իսկապես խնդիր է, գոնե որակը պետք է գնին համապատասխան լինի»,- ասում է Արփինեն։
Արփինեն՝ որպես բողոքի նշան, վճարում է նախկին սակագնով։ Նա միակը չէ։ Բայց վարորդներն ու գծատերերն էլ արդեն ավելի կտրուկ քայլերի են գնում՝ փորձելով ստիպել բնակիչներին վճարել իրենց սահմանած նոր սակագնով։ Պատմում է ամենաթարմ դեպքը՝ Դվին-Երևան երթուղու ուղևորները հրաժարվել են վճարել բարձրացված սակագինը, վարորդը փակել է մեքենայի դուռն ու թույլ չի տվել ուղևորներին իջնել, հետո էլ դիսպետչերի հետ միասին «շանտաժ են արել», թե վաղվանից «գիծ դուրս չեն գա, տաքսիներով թող երթևեկեն»։ Ընդգծում է՝ անգամ տեսչական մարմնի նկատողությունից հետո նախկին սակագնին չեն վերադարձել։
Արարատ քաղաքի բնակիչ Մարիամ Աղախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարձրացված աղմուկից հետո Արարատ-Զոդ երթուղին երեկվանից կրկին սպասարկվում է նախկին 100 դրամ փոխադրավարձով․ հունվարի 1-ից այն ևս բարձրացվել էր 50 դրամով։ Շաբաթ օրը՝ հունվարի 16-ին, մարզի մի խումբ երիտասարդներ Արտաշատի շուկայի մոտ, որի հարևանությամբ էլ ավտոկայանն է, պատրաստվում են իրազեկման ակցիա անցկացնել, բնակիչներին բացատրել, որ սակագնի բարձրացումն ապօրինի է և իրենք իրավունք ունեն չվճարելու։
Ընդգծում է՝ եթե սպասարկող ընկերությունները չսթափվեն ու չվերադառնան նախկին սակագնին կամ էլ չբարձրացնեն տրանսպորտի որակը, ապա իրենք կբոյկոտեն այդ երթուղիները։ Վստահ է՝ մարզում տարբեր նախաձեռնություններ կստեղծվեն, որոնք կօգնեն մարդկանց քաղաք հասնել առանց այդ «մահաբեր տրանսպորտի», արդյունքում հենց իրենք՝ ընկերությունները կտուժեն, կմնան առանց ուղևորների։