2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան

Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ կայացած խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Տեղեկությունը հայտնում են կառավարության լրատավական ծառայությունից։

Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան

«2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ»,–ասել է վարչապետը։

Նրա խոսքով` նախևառաջ պետք է կենտրոնանալ հումանիտար խնդիրների լուծման վրա, իսկ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար:

Խորհրդակցության ընթացքում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:

Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար

Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում: