ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Նշենք, որ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Սակայն Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։