ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik-ի համար։
Կրեմլում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր համատեղ հայտարարություն է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից: Նախորդ տարվա վերջի համեմատ ուժերի ինչպիսի՞ նոր դասավորություններ են Կովկասի տարածաշրջանում արտացոլում Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների արդյունքները:
Մոսկովյան հանդիպումը կարող է նշանակալի իրադարձություն համարվել թեկուզ հենց այն պատճառով, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպեցին առաջին անգամ (թեև ոչ դեմ առ դեմ, այլ եռակողմ ձևաչափով) Ղարաբաղում «աշնանային պատերազմի» ավարտից հետո։ Գագաթնաժողովի արդյունքներով ի հայտ եկավ հայտարարություն, որի համահեղինակությունը Վլադիմիր Պուտինի հետ կիսել են Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը:
Կարևոր է նաև այն, որ երկու առաջնորդներն էլ ընդունեցին Ռուսաստանի դրական դերը հակամարտության կարգավորման գործընթացում։ Դա հատկապես վերաբերում էր խաղաղապահ առաքելությանը, որը Մոսկվան ծավալել է Ղարաբաղում։ Բայց սրանով, թերևս, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև շփման ընդհանուր կետերի ցանկն ավարտված կարելի է համարել առնվազն 2021 թվականի հունվարի 11-ի դրությամբ։
Հայաստան և Ադրբեջան. տարակարծությունները պահպանվում են
Երկրների ղեկավարների՝ մամուլի համար արված հայտարարություններում անզեն աչքով էլ տեսանելի էր տեղի ունեցող իրադարձությունների գնահատման ոճաբանական տարբերությունը։ Եթե Իլհամ Ալիևը նախընտրում էր անցյալ ժամանակով խոսել հակամարտության մասին՝ կենտրոնանալով ավերված և լքված տարածքների ենթակառուցվածքների վերականգնման հեռանկարների վրա, ապա Նիկոլ Փաշինյանը փորձում էր կենտրոնանալ այսօրվա արդիական խնդիրների՝ ռազմագերիների վերադարձի և Լեռնային Ղարաբաղի չճշտված կարգավիճակի վրա։
Իսկ Ադրբեջանի տեսանկյունից` կարգավիճակի հարցերը փաստացի նույնական են Բաքվի իրավասության վերականգնմանը նախկինում կորցրած տարածքների նկատմամբ։ Նոր ստատուս քվոյի պայմաններում դրանք դադարել են արդիական լինել ադրբեջանական կողմի համար։
Հայկական կողմի համար իրավիճակը սկզբունքորեն այլ է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յոթ շրջանների, ինչպես նաև մի շարք մասերի կորուստը առավելագույնս սրել են Ստեփանակերտի ապագայի որոշման և Ադրբեջանի հետ միջպետական սահմանի սահմանազատման հարցը՝ արդեն նոր տարածքային կոնֆիգուրացիայում:
Եվ Փաշինյանը նույնիսկ եթե ցանկանա լռել, չի կարող իր հայրենիքում աննախադեպ ճնշումների ենթարկվելու պատճառով։ Նրա՝ Մոսկվա ժամանելու նախօրեին տեղեկատվական դաշտում նույնիսկ լուրեր էին շրջանառվում Երևանում նրա հնարավոր արգելափակման և ուղևորության ձախողման մասին։
Նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի վարչապետին չես նախանձի։ Բայց ոչ պակաս բարդ (եթե ոչ ավելի բարդ) կլինի նրա հիպոթետիկ իրավահաջորդների ճանապարհը: Չէ՞ որ մի բան է քննադատել այս կամ այն քաղաքական գործչին անհիմն զիջումների համար, բայց մեկ այլ բան է այլընտրանքային որոշումներ կայացնել՝ տիրապետելով մանևրելու համար առկա ռեսուրսների, հնարավորությունների և տարածքների մասին ամբողջ տեղեկատվությանը։
Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում
Մինչդեռ նույնիսկ Փաշինյանի ընդդիմախոսները, թեկուզ դժկամությամբ, բայց ընդունում են, որ ղարաբաղյան իրավիճակից դուրս գալու իրական աշխատանքային պլաններ հորիզոնում չեն երևում։
Այսպիսով, Մոսկվայի հանդիպումն արդեն նոր փուլում արձանագրել է Երևանի և Բաքվի դիրքորոշումներում առկա տարաձայնությունները, բայց նաև նրանց պատրաստակամությունը՝ աշխատել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված ձևաչափով։ Այն հետագա դետալիզացիա է պահանջում։ Ըստ էության, դրան էլ նվիրված էին բանակցությունները Ռուսաստանի մայրաքաղաքում։
Մոսկվան սկսում է և հաղթում
Այն բանից հետո, երբ ՌԴ մասնակցության շնորհիվ Ղարաբաղում դադարեցվեցին ռազմական գործողությունները, փորձագետներն ու գործող քաղաքական գործիչները բանավեճ ծավալեցին հետխորհրդային տարածքի այդ հատվածում ռուսական ազդեցության աստիճանի շուրջ։ Շատերի համար Մոսկվայի պահվածքը, որը ձգտում է խուսափել հակամարտության մասնակիցներից որևէ մեկին միակողմանի աջակցությունից, անակնկալ էր։ Բայց ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ընդունվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից։
Դրա հրաշալի արտացոլումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էին, որոնք հնչեցին հունվարի 11-ին Կրեմլի դահլիճում։
Ադրբեջանի նախագահի խոսքով` «ռուսական խաղաղապահ առաքելությունն արդյունավետորեն կատարում է իր աշխատանքը և երկու ամսվա ընթացքում բացառությամբ փոքր միջադեպերի` անհանգստության լուրջ առիթներ չեն եղել»: Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսել է ՌԴ նախագահի հասցեին երախտագիտության խոսքով «տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներդրած ջանքերի համար»:
Ընդ որում, արժե հատուկ վերապահում անել. Մոսկվայի այդ դերը սկզբունքորեն նոր բան չէ։ Եվ չնայած ավելի վաղ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն էր, այլ ոչ թե դրա միանձնյա ղեկավարը, հակամարտության սրման ամենաբուռն շրջաններում՝ լինի դա 2016-ի ապրիլի լուրջ սրացում, թե ավելի վաղ միջադեպեր, հենց Ռուսաստանն էր առաջին պլան մղվում։
Ալիևը հայտարարել է Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների մասին
Եվ դա Վաշինգտոնի ու Փարիզի կողմից հատուկ բողոքի ալիք չառաջացրեց։ Եվ այսօր, երբ Մոսկվան առաջատար դիրք է զբաղեցրել խաղաղ գործընթացի վերսկսման հարցում, կոնկրետ ղարաբաղյան ուղու վրա այն իրեն չի հակադրում Արևմուտքին՝ հակառակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և նրա դաշնակիցների հետ համաշխարհային օրակարգի հարցերի լայն սպեկտրում առկա տարաձայնություններին։
Այս համատեքստում կարևոր է նշել հունվարի 10-ին՝ Մոսկվայում եռակողմ բանակցություններից մեկ օր առաջ, Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Ինչպես ընդգծվում է Ռուսաստանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, այդ իրադարձությունը տեղի է ունեցել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»:
Փաստացի սա պատասխան է հաճախ տրվող հարցին՝ գոյություն ունի՞ արդյոք այդ ձևաչափը 2020 թվականի նոյեմբերից հետո։ Ինչպես տեսնում ենք՝ այն պահպանվում է։ Եվ ոչ վերջին հերթին ռուսական ջանքերի շնորհիվ, ինչը վերացնում է Մոսկվայի աշխարհաքաղաքական տոտալ «ռևիզիոնիզմի» մասին հայտնի թեզը։
Այսօր ԱՄՆ-ն Ղարաբաղից կարևոր գործեր ունի, չնայած Վաշինգտոնը փորձում է ձեռքը զարկերակի վրա պահել։ Հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունից հետո չի բացառվում, որ ամերիկացի քաղաքական գործիչների ուշադրությունը Կովկասի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական դիմակայության նկատմամբ, կավելանա։
Բայց առայժմ ամերիկյան դիրքորոշումը չի հակադրվում ռուսականին։ Նշանակում է` Մոսկվան առաջվա պես պահպանում է առանձնահատուկ դերակատարությունը խաղաղ գործընթացում, ընդ որում՝ գործելով ոչ թե Մինսկի խմբի փոխարեն և Արևմուտքին հակառակ, այլ նրանց հետ միասին։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ գործընկերները չեն փորձել արհեստականորեն նսեմացնել ռուսական ազդեցությունը։
Երկրորդ համատեղ հայտարարությունը. հիմնական գծեր
Մոսկվայում բարդ բանակցությունների արդյունքը դարձավ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը։ Այսպիսով, այն դարձավ հին հակամարտության կարգավորմանը վերաբերող երկրորդ համատեղ փաստաթուղթը։ Բայց եթե նախորդ տարվա հայտարարությունը վերաբերում էր հրադադարին և դրա ամրապնդմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներին, ապա հունվարյանը կենտրոնացած էր տնտեսական սյուժեների վրա։
Նախատեսվում է տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի աշխատանքային խմբի ստեղծում ոչ միայն անմիջականորեն Ղարաբաղում և դրան հարող շրջաններում, այլ նաև Կովկասի տարածաշրջանում ապաշրջափակման համար:
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել
Ռուսաստանի ղեկավարությունը, հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնություն ստանձնելով, չի ցանկանում նվազեցնել տեմպը և փորձում է առաջարկել իր կառուցողական օրակարգը՝ տարածաշրջանի ավերված ենթակառուցվածքի վերականգնման ծրագրերի իրականացումը: Սա պաշտպանական հիմք, մարտական գործողությունների վերսկսումից յուրատեսակ ապահովագրություն ստեղծելու փորձ է։ Նոր ավերածությունների վտանգը կոչված կլինի կողմերին զերծ պահել ռազմական ակտիվությունից։ Բայց արդյո՞ք այդ տնտեսակենտրոն մոդելը կկարողանա մերձեցնել Բաքվի և Երևանի դիրքորոշումները։ Հարցն այնքան էլ պարզ չէ։
Մի կողմից՝ գործնական կիրառումը վերացական արժեքների մասին խոսակցություններից զգալիորեն գրավիչ է, մյուս կողմից` այլ ձգձգված էթնոքաղաքական դիմակայությունների կարգավորման փորձը՝ Կիպրոս, Մերձավոր Արևելք, Բալկաններ, ցույց է տալիս, որ դա կարող է նվազեցնել հակամարտության ինտենսիվությունը, այն ռազմական դաշտից տեղափոխել իրավաքաղաքական դաշտ, ինչն ինքնին առաջընթաց քայլ է։
Սակայն առանց կարգավիճակի հարցերի, փախստականների խնդիրների, անվտանգության երաշխիքների քննարկման` հարցը չի լուծվի։ Տնտեսությունը բարելավում է իրավիճակը, բայց միշտ չէ, որ օգնում է բուժել հանրային վերքերն ու փոխհատուցել քաղաքական կորուստները:
«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
Ամեն դեպքում, այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում հունվարի 11-ին, կարելի է դիտարկել որպես բանակցային գործընթացի վերսկսում՝ նոր ստատուս քվոյի պայմաններում։ Դրանում առաջատար դերը պատկանում է Ռուսաստանին։ Եվ սա, թերևս, հանդիպման գլխավոր արդյունքն է։ Իհարկե, այս ճանապարհին եաշխավորված հաջողության մասին խոսք չկա։ Դժվարություններն ակնհայտ են, և դրանց մասին, կարծում եմ, դեռ խոսելու հնարավորություն կլինի, այն էլ՝ շատ անգամներ։ Դրանք առաջանալու են ինչպես երկու հակամարտող հասարակությունների ներսում, այնպես էլ աշխարհաքաղաքական համատեքստում։ Առայժմ տեղի է ունենում նոր իրողությունների իմաստավորում և դրանց համապատասխան ծրագրերի կառուցում։