«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին

ՀՀ արտգործնախարարը նշում է, որ եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդիրների շուրջ, ապա դժվար է պատկերացնել, որ մնացած խնդիրները կյանքի կկոչվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Գերիների վերադարձի հարցն այսօր Հայաստանի համար առաջնային խնդիր է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնելու, մեկ օրվա հարց չէ։ Ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա աշխատանք ենք տանում։ ԱԳՆ–ն նույնպես յուրաքանչյուր առիթ բաց չի թողնում, որ հարցն ուշադրության կենտրոնում պահի»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն և զարգացում հաստատվի, սակայն դրա համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ։ Այվազյանը նշեց` եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդիրների շուրջ, ապա դժվար է պատկերացնել, որ մնացած խնդիրները կյանքի կկոչվեն։

Ինչու Փաշինյանը Մոսկվայում ձախողեց կարևորագույն «առաջադրանքն» ու վերադարձավ առանց գերիների

Ի պատասխան հարցի` հնարավո՞ր է` ժամկետներ սահմանվեն, թե՞ դա պետք է արվեր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ` Այվազյանը կոչ արեց վստահել իրենց ջանքերին` հույս հայտնելով, որ հարցը դրական լուծում կստանա։

Այվազյանը հիշեցրեց, որ օրերս` հունվարի 11-ին Կրեմլում կայացած ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումների ժամանակ ասել է, որ գերիների հարցը մեզ համար կարևորագույն հարց է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ, ցավոք, բանակցությունների ժամանակ այդպես էլ չի հաջողվել լուծել գերիների հարցը, որը, ՀՀ վարչապետի բնութագրմամբ, ամենազգայուն հարցն է հայկական կողմի համար։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է