Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է

Ըստ Մակունցի՝ քննարկել են ռազմագերիների հարցը, քննարկվել են նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկվել է հունվարի 11-ի մոսկովյան այցը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին «հենց այնպես» տարածքներ տալ. Պոպովը հերքել է Փաշինյանի հոդվածը

«Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ պաշտոնապես շրջանառվել է։ Առաջիկա անելիքների հետ կապված այն հատվածով, որով արդեն կլինի հրապարակային, դա իհարկե նաև կներկայացնենք»,- նշեց նա։ Հավելեց, որ անդրադարձել են բոլոր խնդիրներին, այդ թվում՝ ռազմագերիների հարցին։

Մակունցի խոսքով՝ ռազմագերիների վերաբերյալ նորություն չկա, լինելու դեպքում կառավարությունը կհայտնի։

Քննարկվել են նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքները։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներին, ապա հանդիպման ընթացքում հարցին չեն անդրադարձել։

«Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Համատեքստը տարբեր է. Մակունցը ոչ կոռեկտ որակեց «վնգստացող դատավորների» մասին հարցը

Մակունցը նաև տեղեկացրեց, որ վարչապետի և խմբակցության հանդիպումը հերթականն էր, որն անցկացվում է ամեն ամիս՝ ըստ նպատակահարմարության։