Ինչ էր անում Արգիշտի Քյարամյանը Շուշիում. Վանեցյանի կուսակցությունից պատասխանել են

Բաբայանի խոսքով`Քյարամյանը պատերազմի մասին պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություն է կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից պատասխանել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին։

Նշենք, որ երեկ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Արգիշտի Քյարամյանն ասել էր, որ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» ջոկատը Շուշիի մարտերի ժամանակ լքել է մարտի դաշտը։ Նա, որպես ապացույց, մանրամասներ էր ներկայացրել։

Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում պարզաբանել է, թե ինչու են մերժել` Քյարամյանի պատերազմի ընթացքում իրենց միանալու առաջարկը։

«Արգիշտի Քյարամյանը ՀՀ ամենակարևոր ծառայություններից մեկի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հեռացված անձ է, որի հեռացման պատճառների մասին մամուլում և հանրության լայն շրջանակներում մեծ թափով քննարկվում էր դավաճանության վարկածը։

Պատկերացնո՞ւմ եք` այդ պայմաններում, երբ մեր զորախումբը մարտական առաջադրանք է իրականացնում, հայտնվում է արդեն նկարագրածս կերպարն ու փորձում միանալ մեզ։ Բնական էր, որ զորախմբի տղաների վերաբերմունքը համարժեք պիտի լիներ»,–գրել է Բաբայանը։

«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

Նրա խոսքով` հիմա Քյարամյանը պատերազմի մասին պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե ինչի մասին է պատմում, առանց ընկալելու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություններ է կատարվել, ում հրամանատարությամբ և ինչ նշանակությամբ։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

«Օրինակ՝ պատմում է, թե վերադառնալով դիրք՝ չի տեսել Արթուր Վանեցյանին, առանց հասկանալու, որ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից դրված առաջադրանքները, և բնական է, որ Քյարամյանը չէր կարող տեղյակ լինել մարտական գործողություններից։ Աննորմալ կլիներ, եթե այդ տղան տեղյակ լիներ այդպիսի առաջադրանքներից»,–գրել է Բաբայանը` հավելելով, որ այսպիսի պատմությունները շատ են, որոնց մասին գուցե հետագայում խոսեն իրենց զորախմբի դասակների հրամանատարներն ու մարտիկները։

Արսեն Բաբայանը հարցեր է հղել պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանին։

«Ի վերջո, պատերազմական գործողությունների ընթացքում Քյարամյանն ի՞նչ կարգավիճակ է ունեցել, ի՞նչ առաքելությամբ է Շուշի հասել ու Շուշիից գնացել։ Ժամանակն է, որ Քյարամյանը գիտակցի, թե ինքն ում է ներկայացնում և հիմա ինչ առաջադրանք է կատարում։ Շուշին հանձնած դավաճան ղեկավարի հանձնարարությունները կատարելիս իր շահերից է բխում չմոռանալ, որ շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում»,–գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը։

Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Հիշեցնենք, որ 2020թ–ի նոյեմբերի 9–ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Շուշին այլևս հայկական ԶՈւ–ի տիրապետության տակ չէ։ Իսկ գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց եռակողմ հայտարարության ստորագրման և մարտական գործողությունների դադարեցման մասին։

Առայսօր հասարակության մեջ քննարկվում է Շուշին հանձնելու և ոչ թե ադրբեջանցիների կողմից գրավված լինելու վարկածը։