Ինչ է տեղի ունեցել Շուշիում, Վանեցյանը լքե՞լ է մարտադաշտը. Քյարամյանը մանրամասներ է պատմել

Շուշիի համար մղվող մարտերն ու նախկին բարձրաստիճան ուժայինների պահվածքն առայսօր մնում են բուռն քննարկումների ու շահարկման առարկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրային  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ժամանակ բերդաքաղաք Շուշիի համար մղվող մարտերին, խոսել իր նախորդի` ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի ջոկատի մասին տարածվող տեղեկությունից։

Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, թե իբր Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել են Շուշիի մարտական գործողության վայրը։

Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քյարամյանը ներկայացրել է իր վարկածը ՝ տեղեկացնելով, որ իրավիճակի վատթարացումից հետո մոտ նա ժամանել է Շուշիի, որտեղ արդեն ստեղծվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած աշխարհազորը։ Շուշիի վրա հակառակորդի հարձակման օրը Քյարամյանը, Օհանյանը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի զինվորականները գտնվում էին շտաբում, կեսօրին այնտեղ է եկել նաև Վանեցյանը։

Քյարամյանի խոսքով ՝ Վանեցյանը պատմել է, որ եկել է իր ջոկատով, և ի սկզբանե պետք է մեկներ Մարտակերտ, սակայն հրամանատարությունը որոշել է, որ ինքը պետք է Շուշիում լինի։

Վանեցյանին և նրա ջոկատին տեղավորել են քաղաքի շենքերից մեկում։ Գիշերը սկսվել է ադրբեջանցիների հարձակումը։ Հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ և առաջարկել է զբաղեցնել սահմանագծերից մեկը։ Բայց Վանեցյանը պատասխանել է, որ իրենք նոր են ժամանել և դեռ պատրաստ չեն մարտի։ Մի քանի ժամ անց Օհանյանն առաջարկել է Քյարամյանին գնալ Վանեցյանի մոտ և առաջարկել նրան տեղավորվել պաշտպանական տեղամասերից մեկում։ Քյարամյանը հանդիպել է Վանեցյանի հետ, ներկայացրել իրավիճակը։ Վանեցյանը հավաստիացրել է, որ պատրաստ է զբաղեցնել ցանկացած դիրք։ Միասին մեկնել են շտաբ. նրանց առջև խնդիր է դրվել, որից հետո Քյարամյանը Վանեցյանին ուղեկցել է իր ջոկատի տեղակայման վայր։

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ

Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վանեցյանի ջոկատը չի տեղակայվել ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Դրանից հետո ջոկատին ուղեկցել է մի գնդապետ, և Քյարամյանը նրա հետ միասին որոշել են, որ Վանեցյանի ջոկատից պետք է վերցնեն 10 հոգու և նրանց հետ մոտակա բարձունքը պաշտպանեն։ Այդպես էլ արել են։ Ճանապարհին Քյարամյանը տեսել է պաշտպանության ևս մեկ հարմար դիրք և վերադարձել է, որպեսզի լրացուցիչ ուժեր բերի այնտեղ տեղակայելու։ Վերադառնալով ՝ նա իմացել է, որ Վանեցյանը շտաբում է, իսկ մի քանի ժամ անց պարզվել է, որ նա մեկնել է Ստեփանակերտ ։ Ավելի ուշ Քյարամյանը պարզել է, որ Շուշիի տեղակայման վայրում Վանեցյանի մարդկանցից մնացել են ընդամենը 20-ը, իսկ մի քանի ժամ անց իմացել է, որ իրենք էլ են լքել տարածքը։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։