ՀՀ զինդատախազն Արցախում հանդիպել է ՌԴ դատախազության աշխատակիցներին

ՀՀ զինվորական դատախազը ՌԴ դատախազության աշխատակիցներին է փոխանցել պարգևներ, որոնց վերջիններս արժանացել են ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈւ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ դատախազության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունն Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից։

Ստացվել են հստակ տեղեկություններ, որոնք ցանկանում եմ տրամադրել Ձեզ. Դավթյանը` ՌԴ դատախազին

ՀՀ զինվորական դատախազը նրանց է փոխանցել պարգևները, որոնց վերջիններս արժանացել են ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով։

ՀՀ զինվորական դատախազը նշել է, որ նրանց բարեխիղճ աշխատանքը նաև նպաստում է ՀՀ և ՌԴ դատախազության մարմինների հարաբերությունների սերտացմանը, ինչի համար կարևոր խթան է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպումն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այդ պայմանավորվածությունների շրջանակներում ակտիվ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու, մինչ այդ նրանց անվտանգության, առաջնային կենսական իրավունքների պաշտպանության ապահովման  նպատակով։

Արցախա-ադրբեջանական շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ դրանք նվազագույնի հասցնելու, իրավիճակի վերահսկելիության երաշխավորման տեսանկյունից կարևորվել է նաև ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում այդպիսի դեպքերի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու, դրանց համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։

ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում բարձրացրել է հայ գերիներին շուտափույթ վերադարձնելու հարցը

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ դատախազության նշված 4 աշխատակիցներն Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվել  էին «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, և «Հայաստանի Հանրապետություն» կրծքանշանով: