Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին և 14-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախում հակառակորդի կրակոցից 20–ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Հիշեցնենք` երեկ` հունվարի 13–ին, Արցախում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող էր վիրավորվել` 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: 

Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք նաև, որ 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։