ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգությունը, հուշարձանները վտանգված են։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Կաթողիկոսի խոսքով ՝ Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը։ Գարեգին Բ-ն նաև նշել է, որ ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու համար:
Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանությունը։
Կաթողիկոսի խոսքով ՝ հուշարձանների պահպանության համար իրենք դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ միջազգային կառույցների ջանքերով հնարավոր կլինի հուշարձանների պահպանմանն ուղղված անհապաղ գործողություններ կատարել:
Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար
«Известия»-ն պաշտոնական հարցումներ է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պարզի, թե ինչ խոչընդոտներ են առաջացել պատմամշակութային ժառանգության հուշարձանների զննության համար։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` իր տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար։