Աննախադեպ` ԱՄՆ պատմության մեջ. նախագահին երկրորդ անգամ են իմպիչմենտ հայտարարել

Երկրի ղեկավարին խռովության սադրանք է մեղսագրվում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևում նշված է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցանքներ ու արարքներ» սահմանադրական ձևակերպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու մասին որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի մոտ անկարգությունների զոհերի թիվը հասել Է հինգի

Նշվում է, որ երեկ` հունվարի 13–ին, Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Թրամփը վտանգավոր է ու պետք է հեռանա։ Թրամփի հեռանալու օգտին 232 կոնգրեսմեն է քվեարկել, 197-ը դեմ են եղել։

Այսպիսով՝ նա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որին երկու անգամ է իմպիչմենտ ներկայացվել։ Թրամփին պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել էին 2019 թվականին։

Այս անգամ երկրի ղեկավարին սադրանք է մեղսագրվում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևում նշված է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցանքներ ու արարքներ» սահմանադրական ձևակերպմանը։

Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին

Թրամփը Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությունից հետո տեսաուղերձ է հղել, որում նորից դատապարտել է  բռնությունն ու հաշտության կոչեր արել, սակայն ոչ մի կերպ չի մեկնաբանել իմպիչմենտը։

​Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք և շրջապատեցին Սենատի դահլիճը։ Սենատն ընդհատեց նիստը։ Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ կիրառեցին։ Ավելի ուշ Թրամփը ցուցարարներին կոչ արեց տուն գնալ։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3–ին ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։

Բայդենի երդմնակալությունից առաջ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրություն է սահմանել