ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողի վիրավորելու փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն հնարավոր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
«Նոր տարում սա առաջին լուրջ միջադեպն էր արցախա-ադրբեջանական սահմանին։ Զինվորը եղել է դիրքում և իր ծառայությունն է իրականացրել։ Եվ եթե ունենք վիրավոր զինվոր, կարող ենք պնդել, որ միտումնավոր է եղել այդ կրակոցը»,–ասաց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ սա ադրբեջանական կողմից սադրանքի դիմելու առաջին դեպքը չէ եռակողմ հայտարարությունից հետո` մինչ այդ Հին Թաղեր, Խծաբերդ հատվածում էին սադրանքի դիմել, գերիներ վերցրել։
Պողոսյանը նշեց, որ այսօր տեղի ունեցած դեպքի մասին արդեն իսկ տեղեկացրել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ղեկավարությանը, հույս ունեն` դեպքը պատշաճ գնահատականի կարժանանա։
Արցախի նախագահի խոսնակը նշեց` նման դեպքերով Ադրբեջանի կողմից լուրջ վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։ Այս պարագայում, ըստ Պողոսյանի, անհրաժեշտ է օր առաջ հստակեցնել Արցախի անկախ կարգավիճակի հարցը։
Իսկ ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինվորին` 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանին, ապա Պողոսյանը հայտնեց` բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ վիրավորում ստացած զինծառայողին անմիջապես տեղափոխել էին զինվորական հոսպիտալ և վիրահատել։
Ինչու Փաշինյանը Մոսկվայում ձախողեց կարևորագույն «առաջադրանքն» ու վերադարձավ առանց գերիների