«Վրան աշխատելու կարիք կա». բուհերի մասին վիճելի օրենքը կքննարկեն երեք շաբաթից

ԿԳՄՍ նախարարի և ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի միջև համաձայնություն է ձեռք բերվել օրենքի նախագծի շուրջ աշխատանքները շարունակելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ» անելու մասին աղմկահարույց նախագիծն այսօր չքննարկվեց Ազգային ժողովում։ ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ քանի որ խոսքն օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթների մասին է, դեռևս աշխատելու տեղ կա։

«Իմ և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել օրենքի քննարկումը երեք շաբաթով հետաձգելու վերաբերյալ։ Գիտեք, որ մայր օրենքն է, մեծ ծավալի աշխատանքներ են պահանջվում։ Այդ հիմքով հարցի քննարկումը հետաձգվում է», – ասաց Հայրապետյանը։

Նշենք, որ օրենքի նախագծի հիմնական զեկուցողը պետք է լիներ հենց Դումանյանը, սակայն նա նիստից բացակա էր։ Նիստին ներկա, օրենքի հարակից զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, խոսք խնդրեց նախագահից և խորհուրդ տվեց օրենքը քննադատողներին ձեռնպահ մնալ օրենքի հպանցիկ քննարկումներից։

Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը

«Մենք մեկ ամսից ավելի է` լուրջ քննարկումներ ենք իրականցնում փորձագետների հետ։ Եթե հանձնաժողովի անդամները կամ հանձնաժողովից դուրս մարդիկ առաջարկներ ունեն, եկեք քննարկենք դրանք», – ասաց նա։

Նրան լրացրեց նույն խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը` ասելով, որ քննադատությունը պետք է լինի կոնստրուկտիվ, այսինքն` քննադատողը պետք է աշխատի ուղիղ կոնտակտի դուրս գալ նրանց հետ, ում աշխատանքում թերացում է տեսնում և փորձի տեղ հասցնել իր մտքերը։

Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, որին և ուղղված էին վերոհիշյալ մեկնաբանությունները (վերջինս նիստից առաջ քննադատական գրառում էր կատարել Facebook–ում), ասաց, որ օրենքի վրա տարվող աշխատանքների հաշվետվություն է ուզում տեսնել։

Կոստանյանն այն կարծիքին է, որ նախագիծն ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը և ստեղծում է բոլոր բարենպաստ պայմանները բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնել «օրվա կառավարության ձեռքի անձնական օգտագործման գործիք»։

Նշենք, որ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։

Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ բուհի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»