«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք Գագիկ Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ են համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը:

Նշենք, որ Ջհանգիրյանն ԱԺ-ում մինչ այդ հանդիպել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելի «կողմ» ձայներ:

Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը միաձայն է ընդունել Ջհանգիրյանին առաջադրելու որոշումը։

«Մենք համարում ենք Գագիկ Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ։ Նա սպառիչ պարզաբանումներ է ներկայացրել մեզ և նույնը կանի նաև հանրությանը»,– ասաց նա։

Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել

Հարցին` թե արդյոք խմբակցությունը չի կաշկանդվել Ջհանգիրյանի անցյալով, կարողությունով և կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեղադրանքներով, Մակունցը պատասխանեց՝ ոչ ու հավելեց, որ մասնագիտական առումով Ջհանգիրյանը ԲԴԽ անդամի թեկնածուի չափանիշներին համապատասխանում է, իսկ մյուս հարցերով նա անձամբ կպատասխանի։