Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Սանասարյանը հայտարարել է, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իր բանաձևերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Լիազորությունները ժամանակավորապես կասեցված Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ ըստ էության կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը»,–գրել է նա։

Հեմոդիալիզի սարքերի մենաշնորհը 2 մարդու ձեռքում էր. Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել

Սանասարյանը նշել է, որ հեռանալու որոշումը վաղուց է կայացրել, բայց, հաշվի է առել հետպատերազմյան ցնցումներից բխող վտանգները և հետաձգել է այն, որպեսզի իր խոսքերով «չմեծացնի նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները»։

Նա հիշեցրել է, որ միշտ սատարել է իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում։ «Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո»,–գրել է նա։

Սանասարյանը նաև անդրադարձել է հետպատերազմյան Հայաստանում ձևավորված ներքաղաքական ճգնաժամին`  հայտարարելով, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իր բանաձևերը։

Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։