ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik.Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Արցախում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել։
«Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երեկ` ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:
Արցախը ծանր վիրավոր է, բայց ողջ է. Բաբայանն ասել է` որն է իշխանության գերակա ուղղությունը
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։