ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, նրանց մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 և 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել և մինչև նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երևանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետև վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով` մինչև 2019թ. դեկտեմբերի 27-ը պարբերաբար պահանջել և մաս-մաս ստացել են շուրջ 1.000.000 ՀՀ դրամ:
«2020թ. հունվարի 10-ին` նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գումար՝ կնոջ լուսանկարների փոխարեն. Ջավախքում շանտաժիստ են բռնել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Զգուշացում. «Հայփոստի» անվան տակ փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել