Սահմանամերձ գյուղերից որքան տարածք ենք հանձնել Ադրբեջանին. Թաթոյանը թվեր հրապարակեց

Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է Ադրբեջանից փոխհատուցում ստանալու համար դիմումների գործընթացներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է` սահմանազատման աշխատանքների արդյունքում խախտվել է նաև մեր քաղաքացիների սեփականության իրավունքը։ Թաթոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե սահմանամերձ որ գյուղերից որքա՞ն տարածք ենք հանձնել Ադրբեջանին։

Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել

Նա ասաց, որ սահմանազատման արդյունքում մարդիկ ոչ միայն սեփական ապրուստը վաստակելուց են զրկվել, այլ նաև բիզնեսով զբաղվելուց։ Թաթոյանը հայտնեց` սեփականության իրավունքի խախտման առնչությամբ 2 խնդիր կա` Ադրբեջանին անցած տարածքներում կան տներ, հողեր, որոնց սեփականության վկայականները տրվել են ԽՍՀ-ի կամ էլ ՀՀ անկախ մարմինների կողմից։  Այսինքն` երկու հիմնական տարբերություն կա` գեոդեզիական և տեղագրական քարտեզների. հարց է առաջանում, թե նախկինում ինչպե՞ս են հողահատկացում արել։

«Օրինակ` Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք»,–ասաց Թաթոյանը։

Նա շարունակեց թվարկել` ասելով, որ Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

Թաթոյանն ասաց նաև, որ Գեղարքունիքում էլ կա այս նույն խնդիրը։ Նա կարծում է, որ մարդիկ փոխհատուցման իրավունք ունեն, և Ադրբեջանի իշխանության հատուցման պարտավորությունը պետք է սա լինի։ ՄԻ պաշտպանը ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է այս հարցը, և այժմ որոշում են ինչպես պետք է ձևակերպեն այս խնդիրներն իրավական տեսանկյունից։