Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին

ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ն հայտնել է, որ ինքն էլ պատերազմի օրերին բազմաթիվ խնդիրներ է տեսել մոբիլիզացիայի, կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եթե պատերազմի հարցում պետությունը կազմակերպչական խնդիրներ չունենար, այս արդյունքը չէր լինի։ Երեկ «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

«Ինչ է՝ մենք տներում ունեի՞նք սաղավարտ ու զրահաբաճկոն, որ կոչ էր արվում իրենց հետ վերցնել և մեկնել ռազմաճակատ։ Ես խնդիրներ էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիրներ էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու, տեղաբաշխելու հետ կապված, խնդիրներ էի տեսնում այդ նույն սաղավարտների ու զրահաբաճկոնների անհրաժեշտ քանակի հետ կապված, խնդիրները շատ էին և հետևանքը տեսանք»,–ասել է նա։

Անդրադառնալով նախորդ պատերազմի թոհուբոհով անցած գեներալներին ու այլ հրամանատարներին պատերազմի կառավարումից ու դրան մասնակցությունից հեռու պահելուն`  Համբարձումյանն ասել է, որ սկզբում եղել են ձերբակալվածներ, որոնք ենթադրյալ խուճապային տրամադրություններ են տարածել։ Ըստ նրա` վարկածներ են առաջ քաշվել, թե այդ գործում ներքաշված են եղել այդ նախկին հրամանատարները, սակայն ճիշտ հակառակն է պարզվել։ Նա վստահեցնում է, որ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանն ամեն ինչ արել են` իրենց ներուժը ներդնելու համար։

«Քննարկումը բացառապես թշնամու օրակարգի շուրջ էր». Մարուքյանը` Մոսկվայի հանդիպման մասին

Համբարձումյանը լրջագույն հարց է համարում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև միջնորդավորված կապի, 5 միլիարդ դոլարով Արցախի անվտանգության գոտի համարվող շրջաններն Ադրբեջանին զիջելու թեման։ Թե որքանով է իրական՝ նա չի կարող ասել, սակայն տեղեկությունն այն մասին է, որ տևական կապ եղել է ՀՀ վարչապետի և ադրբեջանական կողմի միջև, որի ընթացքում քննարկվել է փողի դիմաց Արցախի հարցը լուծելու տարբերակը։  

Եթե Ռուսաստանի օգնությունը չլիներ, շատ վատ հետևանքներ կունենայինք. Միքայել Համբարձումյան

«Այդ քննարկումների ընթացքի, արդյունքների մասին չգիտենք, բայց տեսնում ենք այսօրվա իրողությունը․պարտություն, տարածքների լուրջ կորուստներ, Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Եթե համոզիչ բացատրություններ չտրվեն, հավատացեք, որ նույնիսկ իմ մեջ, որ ասել եմ, թե վարչապետը դավաճան չէ, կասկածներ կծագեն։ Որքանով ես գիտեմ՝ իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով»,–ասել է նա։

Համբարձումյանը հավելել է նաև, որ մանրամասն պետք է քննվի այս հարցը և ամեն ինչ հրապարակային ներկայացվի։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արել ու ասել` Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով հանձնելու առաջարկը Բաքուն Նիկոլ Փաշինյանին արել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ ՀՔԾ–ում քրգործ է հարուցվել Մինասյանի հայտարարությունների վերաբերյալ։