ՀՀ–ի և Ադրբեջանի միջև չի կատարվում ո՛չ սահմանագծում, ո՛չ էլ սահմանազատում. կառավարություն

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել կառավարությանը` հասկանալու համար, թե ինչ գործընթաց է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին իրականացվող միջոցառումները պետական սահմանների սահամանագծում կամ սահմանազատում չեն։ Այսպես են պատասխանել Հայաստանի կառավարությունից Sputnik Արմենիայի հարցմանը, որով խնդրել էինք մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես`խնդրել էինք բացատրել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է տեղի ունենում «սահմանային որոշակի կետերի տեղորոշումը» Ադրբեջանի հետ (չակերտների բնորոշումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է), արդյո՞ք այն տեղի է ունենում ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, և եթե այո, ապա ո՞ր թվականի քարտեզների։

Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել են, որ գործընթացը չի կարող սահմանազատում և սահմանագծում անվանվել։

«Այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է։ Իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց, չեն առնչվում կարգավիճակային հարցերին և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում», – պատասխանել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին

Պատասխանում ասված է նաև, որ սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայումը կատարվում է կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, գործընթացն անմիջականորեն կամ միջնորդավորված քննարկվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների հիման վրա։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի մաս համարվող Հադրութի շրջանը և Ասկերանի ու Մարտունու որոշ գյուղեր։ Ըսս հայտարարության` կողմերի տիրապետության տակ են անցնում այն տարածքները, որոնք գրավված են եղել պատերազմի ժամանակ։

Հայտարարության ստորագրումից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2020թ.–ի դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Կապանի քաղաքապետը հերքել է ադրբեջանցիների կողմից զինծառայողի առևանգման լուրը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։ Նրա խոսքով` տոների հետ կապված` մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հունվարի 2-ին նա Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ և գյուղացիներին մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հունվարի 4–ին Sputnik Արմենիային հայտնեց, որ Շուռնուխի ներքևի հատվածի 12 տներն արդեն հանձնվել են ադրբեջանցիներին։