Անհետ կորածի հոր հանդեպ քրգործ է հարուցվել. նա ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ դարպասին

Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին ավտոմեքենայով հարվածելու համար անհետ կորած զինծառայողի հոր հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Առողջապահության նախարարությունը պատասխանել է անհետ կորած զինվորների ծնողներին

Անհետ կորած զինծառայողի հայրը` ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։

Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից:

Տեղեկացվում է, որ փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) և 258 հոդվածի 4-րդ մասով ([խուլիգանությունը) հարուցվել է քրեական գործ։

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել

Aysor.am-ի հետ զրույցում Գ.Վ.-ի եղբայրը պատմել է, որ որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, եղբայրը, որ ևս պատերազմի մասնակից է, մեքենայով հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել:
«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչու՞ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք է մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ», - ասել է անհետ կորածի հարազատը:

«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ

Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաններ են իրականացնում կառավարության և պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանց մի քանի անգամ ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանը, բայց նրանց խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվել։