ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ցավոք սրտի Ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս չի կարգավորվել։ Չնայած հաջողվել է կրակը դադարեցնել, բայց շատ չլուծված հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ, ցավոք, այսօրվա բանակցությունների ժամանակ այդպես էլ չի հաջողվել լուծել գերիների հարցը, որը, ՀՀ վարչապետի բնութագրմամբ, ամենազգայուն հարցն է հայկական կողմի համար։ Փաշինյանն ասաց, որ չնայած հայտարարվել է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարվեն, սակայն եռակողմ հայտարարության 8-րդ կետը ոչ ամբողջությամբ է կյանքի կոչվում։
Նա հույս է հայտնել, որ սեղմ ժամկետներում կողմերին կհաջողվի կոնկրետ որոշման հանգել։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին քննարկել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գերիների վերադարձի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:
Անդրադառնալով հանդիպման արդյունքների վերաբերյալ երեք կողմերի հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ տնտեսական համագործակցության զարգացման պայմանավորվածությունները կարող են «փոխել ողջ տարածաշրջանի դիմագիծը և հանգեցնել անվտանգության առավել հուսալի երաշխիքների»:
Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ–ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա. Ալիև
«Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այդ ուղղությամբ, բայց մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ քննարկել բոլոր հարցերը։ Հուսով եմ ՝ առաջ կընթանանք»,– հավելել է վարչապետը։
Հիշեցնենք, որ բանակցությունները տևել են գրեթե 4 ժամ, հանդիպման արդյունքում համատեղ նոր եռակողմ հայտարարություն է ստորագրվել: