ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել դեպի Մոսկվա։ Այս մասին հայտարարեց ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` հայտարարելով, որ եթե Մոսկվայում Փաշինյանն ինչ–որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի, Հայաստանի օդը նրա վերադարձի համար փակ է լինելու։
«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չէ, նա չի ներկայացնում Հայաստանը և վաղը նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն ներկայացնելու»,–հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը։
Դրանից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիան ու բացում են ճանապարհները։
Հիշեցնենք` ինչպես նախօրոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։
Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը
Նշենք, որ այսօր`հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։