ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ հաշվի առնելով ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
- Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։
Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց`որոշակի փոփոխությունների ենթարկվելով։
Սեպտեմբերից տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև այսօր` 2021թ.–ի հունվարի 11–ը, կգործի կարանտինի ռեժիմ։
Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում էր գործել և այժմ էլ ուժի մեջ է:
Գիտնականները նշել են` որ ախտանիշների դեպքում կարող է կորոնավիրուսը 12 շաբաթից ավելի տևել