Իտալացի հայտնի քաղաքական գործիչն ադրբեջանցներից կաշառք ստանալու համար 4 տարով կազատազրկվի

Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին՝ 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Միլանի դատարանը հայտնի իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար և դատապարտել է նրան չորս տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Հայաստանի ու Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին

La Repubblica թերթի տեղեկություններով՝ Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներից․ այդքան են գնահատվել այդ անդրկովկասյան պետության քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը չհաստատելուն ուղղված նրա ջանքերը։

Դատարանը նմանատիպ որոշումներ է կայացրել Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի վերաբերյալ, որոնք Բաքվի շահերն էին լոբբինգ անում ԵԽԽՎ-ում և դրա համար խոշոր կաշառքներ էին տալիս իտալացի քաղաքական գործչին։

Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին։ Այն ժամանակ նրան մեղադրել էին 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո ստանալու համար։ Հետաքննության վարկածով, իտալացի պատգամավորը այն ժամանակ խոշոր նվիրատվություն է ստացել այն բանի համար, որ  իրականացնում էր Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող քաղաքական գործունեություն։ Ընդհանուր առմամբ նրան խոստացել են 10 մլն եվրո։

Ինչու հենց հիմա պետք է ճանաչել Արցախի անկախությունը. Մելքումյանը պատմել է ԵԽԽՎ նիստից

2018 թվականի դեկտեմբերին Միլանում սկսվել է Վոլոնտեի նկատմամբ դատական գործընթացը ՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Լսումների արդյունքում դատարանը հանել է ամբողջ գումարը ստանալու մեղադրանքը, սակայն ընդունել է կես միլիոն եվրո կաշառք ստանալու փաստը։

Վոլոնտեն չորս անգամ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ է ընտրվել ցենտրիստական մի շարք կուսակցությունների կողմից, վերջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականին։

2010 թ․-ի հունվարից մինչև 2013 թ․-ի հունիսը նա ԵԽԽՎ-ում ղեկավարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։