Ինչպես են իրենց զգում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած քաղաքացիները․ ՀՀ ԱՆ պատասխանը

Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ասել է, թե ովքեր են արդեն պատվաստվել COVID-19-ի դեմ, նաև տվյալներ է ներկայացրել այդ քաղաքացիների առողջական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստում անցած քաղաքացիների մոտ հետպատվաստային ոչ մի արձագանք չի եղել, բոլորի ինքնազգացողությունը լավ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նիկողոսյանը նշեց, որ հնարավոր շահարկումներից խուսափելու համար առաջին հերթին պատվաստում է ստացել առողջապահության նախարարության ղեկավար կազմը` նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ։

«Սպուտնիկ V»-ին կարելի է վստահել․ Bloomberg-ի լրագրողն ասել է՝ ինչու

«Առողջապահության նախարարությունը խորապես շնորհակալ է Ռուսաստանին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պայքարում փոխշահավետ համագործակցության համար ու հանուն երկու երկրների հանրային առողջապահության երկարաժամկետ գործընկերության հույս ունի», - ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ  պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում: Պատվաստման օրը նախարարը մի փոքր թուլություն ուներ, ինչը բնորոշ է նման  պատվաստումների դեպքում, իսկ նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանը ընդհանրապես գանգատներ չի ունեցել։

«Ես ինձ համար որոշել էի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կպատվաստվեմ կորոնավիրուսի դեմ, և այնպես ստացվեց, որ առաջին հնարավորությունը եղավ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը»,- նշել է Թորոսյանն ու ավելացրել է, որ հայկական կողմը շարունակում է բանակցել պատվաստանյութի մեծ քանակ ստանալու համար։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուղարկվել է Արգենտինա. տեսանյութ

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ էին ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։