Ինչպես պահպանել պետականությունը և այն դնել նոր մակարդակի վրա. ՀՀ նախագահը` ճգնաժամի մասին

Սարգսյանն անդրադարձել է նաև այս իրավիճակում հանրապետության նախագահի դերին և պատասխանատվությանը ու առանձնացրել 3 կարևոր կետ, որոնք անհրաժեշտ է օր առաջ իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը իրենց համարեն պարտված: Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` իր «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» հոդվածում։

«Քաղաքականության մեջ գործում է բոլոր ժամանակների համար ոսկե կանոն՝ երբեք մի՛ ասա երբեք: Այո, մենք այսօր տանուլ ենք տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Սակայն մեզ սպասում են այլ մարտահրավերներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Որպեսզի պահպանենք մեր պետականությունը և այն դնենք սկզբունքորեն նոր մակարդակի վրա, պետք է մի կողմ դնենք զգացմունքները և սկսենք բարդ, տհաճ, սակայն անհրաժեշտ աշխատանքն առաջին հերթին ինքներս մեզ վրա»,–գրել է նախագահը:

«Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ». ՀՀ նախագահը` պատերազմը տանուլ տալու մասին

Սարգսյանն ընդգծել է, որ այսօր մենք (և առաջին հերթին սեփական քաղաքացիների և համաշխարհային հայության առջև պատասխանատվություն ստանձնած կառավարությունը) պետք է ընդունենք քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական խոր ճգնաժամի գոյությունը: Նա նշել է, որ քաղաքացիները լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից, կառավարությունից և վարչապետից ժամանակային ու բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ:

Սարգսյանն անդրադարձել է նաև հանրապետության նախագահի դերին և պատասխանատվությանը։

«Հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ուստի երկրին և ժողովրդին անհրաժեշտ է բուժում: Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացը սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ»,–գրել է նա ու առանձնացրել այդ 3 նպատակները:

  • Առաջինը. պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:
  • Երկրորդը. պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:
  • Երրորդը. խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:

«Կրկնում եմ՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ»,–ասել է Սարգսյանը:

Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

ՀՀ նախագահն ընդգծել է, որ մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը: Հենց այդ հիմքի վրա պետք է կառուցվի մեր քաղաքական մշակույթը։ Կայուն և ամուր պետականության կառուցման այլ բանաձև գոյություն չունի: