Ինչ դեպքեր ու կանչեր են գրանցվել Արցախում նոր տարվա առաջին տասնօրյակում. ԱԻՊԾ-ի ամփոփումը

Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների  պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունից։

Որքա՞ն տարածք է ականազերծվել Արցախում․ տեսանյութ

«Վերջին 10 օրերի ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: Հայտնաբերվել, վնասազերծվել կամ պահեստավորվել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա: Հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում:  Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են  ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է: Բոլոր դեպքերում՝ տուժածներ չեն եղել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:

Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային խնդիրների վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:

Արցախի Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում բնակելի տներ կտրամադրվեն

Տեղեկացվում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:

Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: