Արմավիրի մարզի Արմավիր համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 3 տուժածով

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հունվարի 11-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 3 տուժածով: Տեղեկությունը հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված լոլիկի մարինադն է: Այս պահին հիվանդները գտնվում են Երևանի բժշկական կենտրոններում և ստանում բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տավուշում ջրից թունավորվածների մեծ մասը երեխաներ են․ մանրամասներ

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

• խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Ջրի որակի պատճառով դադարեցվել է Ջուջևանի ջրամատակարարումը. 14 մարդ թունավորվել է