ՌԱԴԻՈ

Խակ ու անմշակ հայտարարություններ. ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կաբինետը 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կարանտինը 6 ամսով երկարաձգելու շուրջ առողջապահության և էկոնոմիկայի նախարարների միջև ծագած անհամաձայնություններին։
Sputnik
Խակ ու անմշակ հայտարարություններ. ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կաբինետը 

Էկոնոմիկայի նախարարը եկել է բիզնես դաշտից և ամենևին էլ չի պատկերացնում, թե ոլորտի քաղաքականությունն ինչպիսին պետք է լինի մի երկրում, որը գտնվում է հետպատերազմյան ճգնաժամային փուլում, և որտեղ համավարակը կարծես թե չի նահանջում, մինչդեռ իրավիճակը մասնագիտական վերլուծություն է պահանջում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, թե կարանտինի երկարաձգումը կարող է խոչընդոտել տնտեսվարողներին։

Մի ձևախեղեք օրակարգերը. Արսեն Թորոսյանը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին

«Նախ հարկավոր է նման փաստարկներ բերելու համար վերլուծություն ներկայացնել նախընթաց 7-8 ամիսների ընթացքում ըստ ոլորտների` հատկապես որ ոլորտների վրա ինչպիսի ազդեցություն է ունեցել համավարակ, և դա առաջին հերթին պետք է աներ հենց էկոնոմիկայի նախարարությունը»,- ասաց նա։

Մարգարյանի խոսքով` բիզնեսի տրամաբանությամբ առաջնորդվելիս, իհարկե սահմանափակումները վատ են, բայց խնդիրը նրանում է, որ կարանտինի երկարաձգումը ընդամենը պահանջում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում և բիզնես գործունեություն ծավալելու, ներդրումներ անելու, նոր աշխատատեղեր ստեղծելու առումով գոնե երկրի ներսում սահմանափակումներ ըստ էության չկան։ 

Ըստ տնտեսագետի` Փաշինյանի կաբինետում նաև քաղաքականապես հասուն կադրերի կարիք ունեն, որոնք ներքին խոհանոցում քննարկումներ անելու, ընդհանուր կոնսենսուսի գալու փոխարեն փորձում են միմյանցից առաջ ընկնել և խակ ու չմշակված հայտարարություններ անել։

Հիշեցնենք` օրերս առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ նախարարությունը նախագիծ է ուղարկել կառավարությանը հունվարի 11-ից Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու համար։

Ի պատասխան` էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 7–ին հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի պաշտպանում ԱՆ գաղափարը, քանի որ հիմա տնտեսությանը թթվածին է պետք։