ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև վաղը Հայաստանի Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԱԾ-ն։
«Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը», - գրված է հայտարարությունում։
ԱԱԾ-ն հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերը հանդիպել են օրեր առաջ՝ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում և այսօր՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում։ Այդ հանդիպումների ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
«ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը: Ավելին, հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու այդ լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով», - ասված է հաղորդագրությունում։
Ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակելու է «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը
ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ լուրերի հեղինակներին կոչ անում զերծ մնալ ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ: