Վերջին օրերին Սևանից 23 ապօրինի ձկնորսական ցանց է դուրս բերվել

Սևանում շուրջրյա հերթապահությունն, ըստ անհրաժեշտության, շարունակվելու է ևս մի քանի օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանումը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց: Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

«Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր»,–գրում է նախարարը։

Նրա խոսքով` Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը շարունակում է հատուկ միջոցառումների միջոցով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ։

Դրա շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:

Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում