Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հրապարակած նոր ցանկում կան ինչպես սպաների, այնպես էլ շարքային զինծառայողների անուններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է 8 զինծառայողի անուն, որոնք 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում աչքի են ընկել իրենց արիությամբ ու պատրաստվածությամբ։ Ստորև ներկայացնում ենք նրանց սխրանքը.

  1. Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից:
  2. Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին:
  3. Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
  4. Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին:
  5. Կրտսեր սերժանտ Մարտին Արտակի Մուրադյանը աչքի է ընկել հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելու ժամանակ:
  6. Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ:
  7. Կապիտան Գավրուշ Էրիկի Հարությունյանը թշնամու ձեռնարկած հարձակման ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմը, կատարել մարտական առաջադրանքն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից:
  8. Պահեստազորի ավագ սերժանտ Արմեն Արարատի Պետրոսյանը մարտական հաշվարկի հետ միասին բարձր մակարդակով իրականացրել է առաջադրված մարտական խնդիրները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը