Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

Մարդու իրավունքների պաշտպանը նշել էլ, որ ՀՀ պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող` նրան պատկանող անասնաշենքը GPS (գլոբալ տեղորոշման) համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»: Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել Facebook–ի իր էջում` հայտնելով այդ մասին։

Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

«Ընդ որում. ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով: Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

Թաթոյանը նշում է, որ, ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:

Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

Թաթոյանը հայտնում է, որ մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից: Ուստի, ըստ նրա, ՀՀ պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն:

Շուռնուխցիներին խոստացել են 12 նոր տուն կառուցել գյուղում. տեսանյութ

ՀՀ ՄԻՊ–ը նկատում է, որ անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայրեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների «ճշգրտումը», ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Իրավիճակն առանձնապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում:

Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ