Ամերիկյան «կաղ բադիկի» աղմկոտ հեռացումը
Այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կարող են բախումների հանգեցնել, փորձագետները բազմիցս ասել են այդ երկրում նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ, դրանից առաջ էլ: Շատ վերլուծաբաններ վստահ էին, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդքան արագ չի հանձնվի և նույնիսկ հեռանալուց առաջ կարող է աղմուկով շրխկացնել դուռը։
Այնպես որ, Կապիտոլիումի «գրավումը» ընդհանուր առմամբ քչերին է զարմացրել։ Բայց գրոհը ոչ այն է հեղաշրջման բեմադրություն էր, ոչ այն է՝ Թրամփն իսկապես չհամարձակվեց մինչև վերջ գնալ։ Այսպես թե այնպես, հեռացող նախագահի համար ոչ մի էական փոփոխության դա չբերեց։ Կոնգրեսը, չնայած անկարգություններին, հաստատեց Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Այնուամենայնիվ, Թրամփից տհաճ անակնկալներ դեռ սպասում են։ Մասնավորապես, չի բացառվում, որ «վարագույրի հետևում» նա կարող է մեծ ծառայություն մատուցել իր դաշնակից Իսրայելին և հարված հասցնել Իրանին՝ խառնելով բոլոր խաղաքարտերը և նոր աշխարհաքաղաքական «շիլա» սարքելով։
Կառավարման ողջ ընթացքում ԱՄՆ գործող նախագահը նպատակաուղղված ընթանում էր Իրանի հետ հարաբերությունների ճնշման և վատթարացման ճանապարհով։ Այդ մասին են վկայում «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի միակողմանի ելքը, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնումն ու ընդլայնումը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Սպիտակ տան կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը, ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Իրանի իշխանությունները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետևում նույնպես կանգնած են օտարերկրյա հատուկ ծառայությունները: Ի դեպ, հենց գիտնականի սպանությունից հետո՝ 2020 թ․-ի վերջին, ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը մտավ Պարսից ծոցի ջրային տարածք։
Թրամփի կողմնակիցները փորձել են ներխուժել Կապիտոլիում. տեսանյութ
Ի պատասխան այդ բոլոր գործողությունների՝ պաշտոնական Թեհրանը հետևողականորեն բարձրացում էր սեփական բանակի մարտունակությունը՝ հայտարարելով ԱՄՆ-ի ագրեսիային հզոր հակահարված տալու` Իրանի պատրաստակամության մասին: Ներկայում Պարսից ծոցում Իրանի ռազմածովային նավատորմը բերվել է մարտական բարձր պատրաստվածության վիճակի:
Տարածաշրջանում արկածախնդրություն սկսելու համար Թրամփին հաշված օրեր են մնացել։ Արդյո՞ք Իրանի ղեկավարության համբերությունը կհերիքի՝ հարվածի դեպքում չպատասխանել և սպասել ամերիկյան նոր վարչակազմին, որի հետ Թեհրանը մեծ հույսեր է կապում։
Իրանի վրա հնարավոր հարվածը, իհարկե, ոչ միայն արձագանք կունենա Հայաստանում, այլև ուղիղ ազդեցություն կունենա երկրի վրա, որն առանց այդ էլ ծայրահեղ բարդ իրավիճակում է։
Ուստի Թրամփի հեռանալուն սպասում են նաև Երևանում։ Ավելի վաղ մենք արդեն գրել էին այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը հույս է դնում Բայդենի հետ՝ Անկարային սանձելու և Արցախի հետագա կարգավիճակի որոշման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերականգնման հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փաստացի հաջողվեց իր աթոռին մնալ մինչև ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարումը։ Իսկ ահա կնպաստի՞ արդյոք Բայդենի քաղաքականությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացմանը և (անուղղակիորեն) ներկայիս իշխանությունների վարկանիշի բարձրացմանը՝ ցույց կտա ժամանակը։
Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում
Եթե իշխանությունը պահպանելու խնդիրը Փաշինյանն այս պահին ինչ-որ կերպ լուծում է, ապա մյուս հարցերում նրա, իսկ նրա հետ միասին ամբողջ Հայաստանի նահանջը շարունակվում է։
Հայաստանի ղեկավարությունը «նոքդաունի» մեջ է, ընդդիմությունը սպասում է
Հայաստանի իշխանությունները շարունակում են իներցիայով շարժվել` հանձնելով դիրք դիրքի հետևից։ Telegram-ալիքներում հայտնված տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանը պատրաստվում է հունվարի 11-ին Մոսկվա մեկնել, որտեղ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման շուրջ բանակցություններ կանցկացվեն։
Ենթադրվում է, որ կողմերը ինչ-որ փաստաթղթեր են կստորագրելու։ Կրակի վրա յուղ լցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի և նախապատրաստվող ստորագրման մասին պաշտոնական հաղորդագրություններ դեռ չկան։ Այդուհանդերձ, հիշյալ հաղորդումներից հետո վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նշեց, որ երկրի իշխանությունների համար գերիների վերադարձի հարցը գերակա է, և առանց այդ հարցի լուծման տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ բանակցություններ վարելը դժվար կլինի։ Դրանից հետո Հայաստանի վարչապետն անձամբ հայտարարեց, որ ճանապարհների ապաշրջափակման բանակցությունների արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան արագ կլուծվի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների որոնման խնդիրը:
Մինչդեռ այդ դիրքորոշման խոցելիությունն արդեն մատնանշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ չի կարելի գերիների վերադարձի խնդիրը կապել որևէ տարածքային հարցի հետ։
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
Առայժմ իրենց բողոքի ձայնն ամենաբարձրն են հնչեցնում իրավաբաններն ու իրավապաշտպանները՝ բացահայտելով պետության համար կործանարար գործընթացները կանգնեցնելու իշխանության անկարողությունը։
Իսկ որտե՞ղ է ընդդիմությունը։ Նախորդ տարվա վերջին անարդյունք հանրահավաքներ ու երթեր անցկացնող ընդդիմության ակտիվությունը նկատելիորեն նվազել է։ Բացառությամբ Երևանի կենտրոնական հրապարակում գտնվող մի քանի վրանների և առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների՝ որևէ վճռական գործողություն ընդդիմադիր ուժերը չեն ձեռնարկում:
Նման պասիվությունը կարող է երկու բացատրություն ունենալ։ Առաջին՝ ընդդիմությունը ռեսուրսներ չունի տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս բերելու և կառավարությանը հրաժարական պարտադրելու համար։ Երկրորդ՝ ընդդիմությունը չունի ստեղծված իրավիճակը շտկելու գործողությունների կոնկրետ ծրագիր և հասկանում է, որ ներկայիս ղեկավարության տեղում ստիպված է լինելու նույնպիսի հնազանդությամբ կատարել եռակողմ հայտարարության կետերը և ստորագրել դրանից բխող փաստաթղթերը, քանի որ այլ ելք չկա։
Եթե այդպես է, ապա ի՞նչ իմաստ ունի հիմա իշխանության ձգտել, եթե կարելի է Փաշինյանին թույլ տալ կեղտոտ գործը մինչև վերջ անել։ Դա, ի վերջո, կհանգեցնի ընդդիմության «Նիկոլ, դավաճա՛ն » կարգախոսի ամրապնդմանը, իշխանության ընդդիմախոսների թվի աճին, ինչպես նաև հնարավորություն կտա խուսափել կապիտուլյանտների գործը շարունակողների աննախանձելի դերից։
Հնարավոր է, որ բանակցություններից և Մոսկվայում որոշակի փաստաթղթերի ստորագրումից հետո (պայմանով, իհարկե, որ դա տեղի ունենա) մենք Երևանում բողոքի շարժման նոր պոռթկում կտեսնենք։ Ընդդիմադիրները կրկին գոռգոռալով քաղաքացիներին կհրավիրեն հրապարակ, մեծ եռանդով կմերկացնեն իշխանությանն ու կմեղադրեն նրան ազգային շահերը դավաճանելու համար։
Չէ՞ որ դա այնքան հեշտ է. Փաշինյանին քավության նոխազ դարձնել(այդ ռիսկը հասկանում է նաև վարչապետը)` չառաջարկելով խորը ճգնաժամից դուրս գալու կոնկրետ տարբերակներ։
Հատկանշական է, որ Հայաստանի նախագահն այս վճռորոշ պահին հիվանդացավ կորոնավիրուսով։ Ըստ երևույթին, ինչպես և Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դեպքում, նոր իրողությունների մասին (որոնք կարող են առաջանալ ինչ-ինչ փաստաթղթերի ստորագրման արդյունքում) Արմեն Սարգսյանը կիմանա մամուլից, այս անգամ, հավանական է, բրիտանական մամուլից, քանի որ բուժում է ստանում Լոնդոնում։
Ի՞նչ կընտրեն հայերը
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի գործողությունն անվանել են «երկաթե բռունցք»։ Հայաստանը դեռ խորհրդային տարիներին հայտնի էր իր բռնցքամարտի դպրոցով, որը մեծ թվով հայտնի մարզիկներ է դաստիարակել։ Ինչպես հայտնի է` բռնցքամարտում ուժեղ է համարվում ոչ թե նա, ով նոկաուտի ենթարկող հարված ունի, այլ նա, ով պահում է հարվածը, ում ծնոտները, կոպիտ ասած, ավելի ամուր են։ Ինչպես ժամանակին երգել է Վիսոցկին` «Մրցավարը բարձրացրել է ձեռքս, որով չեմ խփել»։
Հայաստանում էլիտաները, ցավոք, ցույց են տալիս, որ իրենց ծնոտները «բյուրեղապակյա» են։ Իրավիճակը շրջելու՝ իշխանությունների և ընդդիմության անկարողությունը էլ ավելի է բարոյալքում հասարակությունը։
Ռուսներն ասում են, որ երկու չարիքից պետք է փոքրագույնն ընտրել, իսկ անգլիացիները կարծում են, որ երկու չարիքից առհասարակ ընտրել չարժե։ Ինչ կընտրենք մենք՝ հայերս, որ սովորել ենք պնդել, թե մեզ ամեն ինչ պարտադրել ու մեր փոխարեն ամեն ինչ որոշել են։