Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդում է

Երևանի քաղաքապետն աշխատավայր չէր գնում նաև 2020թ-ի նոյեմբերի վերջին, երբ վարակվել էր կորոնավիրուսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդում է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Դա նրա հերթական արձակուրդն է, հիմնականում 2020թ․-ի արձակուրդի չօգտագործված օրերից և մի քանի օր էլ 2021թ․-ի տարեկան հասանելիք արձակուրդից»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` Հայկ Մարությանն արձակուրդում կլինի մինչև հունվարի 22-ը ներառյալ:

Թե որտեղ է քաղաքապետն անցկացնելու իր արձակուրդը, Կարապետյանը տեղյակ չէր:

Հիշեցնենք՝ վերջին անգամ Երևանի քաղաքապետն արձակուրդում էր 2020թ-ի նոյեմբերի վերջին, երբ վարակվել էր կորոնավիրուսով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Կարապետյանը հայտնեց նաև, որ Մարությանը հիմա առողջական խնդիրներ չունի: