ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՌԴ Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել՝ օդաչուն և երկու ուղևոր, ևս մեկը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լոմոնոսովի շրջանի Գոստիլիցա օդանավակայանից թռիչքի ժամանակ ինքնաթիռի անկում է տեղի ունեցել։ Չորս մարդկանցից երեքը զոհվել են, մեկը` վիրավորվել», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ փրկվածը երեխա է, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ենթադրվում է, որ ինքնաթիռը կործանվել է օդում մեկ այլ` Cessna 150 օդանավի հետ բախվելուց հետո: Երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել վնասներով, օդաչուն չի տուժել։
Երկու օդանավերն էլ վարժական թռիչք էին իրականացնում։