ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ քաղաքացիների խնդրանքով դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների աշակերտներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու համար:
Պատգամավորը հրապարակել է նաև նախարարի պատասխան նամակը։ Դրանում ասվում է, որ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների դասագրքերով ապահովելու հարց օրակարգային է։
«Նախարարությունը հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և համագործակցության միջոցով իրավիճակային լուծումներ են տրվում հարցերին»,–ասված է նախարար Վահրամ Դումանյանի պատասխան նամակում:
«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը
Տեղեկացվում է նաև, որ այժմ քննարկման փուլում են «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշիչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» և «ՀՀ ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու» կարգերի նախագծերը, որոնց հաստատումից հետո լուծում կտրվեն բարձրացված հարցերին: