ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ռուս խաղաղապահ անձնակազմի ռազմական բժիշկների շրջիկ բրիգադները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մեկ օրում բժշկական օգնություն է ցուցաբերվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ավելի քան 30 բնակչի։
Նշվում է, որ մինչ օրս ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր առմամբ 1150 բնակիչների, այդ թվում՝ 144 երեխայի։ Բնակիչները դիմում են հիմնականում տարբեր խրոնիկ հիվանդությունների, սիրտ-անոթային, հենաշարժողական խնդիրների հետ կապված հարցերով։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են