«Նման փաստաթուղթ գոյություն չունի». նախարարը դրսում զրուցեց իրավապաշտպանների հետ

Ռուստամ Բադասյանը հանդիպեց նախարարության առջև շտապ հավաք իրականացնող իրավապաշտպանների հետ։ Նա անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած փաստաթղթի գոյության–չգոյության հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա և եղածն ապատեղեկատվություն է։ Բադասյանն այդ մասին հայտարարեց` իջնելով և հանդիպելով նախարարության առջև հավաքված իրավապաշտպանների հետ։

Հայտարարության մեջ «Մեղրի» կամ «միջանցք» բառեր չկան. Փաշինյանի անդրադարձը

Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Արցախից զորքերի դուրսբերումը:

«Վերջին շրջանում Telegram–ի մի շարք անհայտ ծագման ալիքներ են ի հայտ եկել, որոնց միջոցով էլ ապատեղեկատվություն է տարածվում։ Հասարակությունում էլ հուզումներ և անհանգստություններ են առաջանում, սակայն ես կոչ եմ անում բոլորին չվստահել նման ալիքների տարածած լուրերին։ Նման պայմանագիր գոյություն չունի արդարադատության նախարարությունում»,–ասաց Բադասյանը։

Նրա խոսքով` նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է միջազգայնորեն որակվել որպես պայմանագիր, գոյություն չունի և չի ստացվել։

«Թող մեր աչքերի մեջ նայեն և ասեն` փաստաթուղթ չկա». իրավապաշտպանները նախարարության մոտ են

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հարցին, թե որպես կառավարության անդամ արդյոք տեղյակ է նման փաստաթղթի գոյության մասին` Բադասյանը պատասխանեց, որ եթե լիներ փաստաթուղթ, ապա ինքը պետք է տեղակացված լիներ։ «Կառավարությունում նման հարց չի քննարկվել, և ես որևէ տեղեկատվություն չունեմ նման փաստաթղթի մասին»,–ասաց Բադասյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ուներ ստորագրել նոյեմբերի ինի փաստաթուղթը` Բադասյանը պատասխանեց, որ արդեն իսկ պարզաբանումներ հնչել են և եթե անհրաժեշտություն լինի, նորից պարզաբանումներ կլինեն։

Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ։